«Հրապարակ» թերթը գրել է.
Այս տարվա ապրիլին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում տեղի էր ունեցել աղմկահարույց սպանություն։ Երկու եղբայր, որոնցից մեկը՝ անչափահաս, իրենց տան դիմաց դաժան ծեծի էին ենթարկել և սպանել ատամնաբույժ Արթուր Ավագյանին՝ երեք անչափահաս երեխաների հորը։
Միջադեպը կապված է եղել ատամնաբույժի երիտասարդ դստեր հետ։ Երիտասարդները աղջկա հորը դուրս են կանչել՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Խոսակցությունը, սակայն, թեժացել է և ողբերգական ավարտ ունեցել։
Այժմ կալանքի տակ են եղբայրներ Ջանշին Սիրեկանյանն ու Սիրեկան Սիրեկանյանը։ Քննչական կոմիտեն ավարտել է նախաքննությունը, իսկ դատախազությունը գործն ուղարկել է դատարան՝ ըստ էության քննության։
Սիրեկանյան եղբայրների պաշտպանությամբ նախաքննության փուլում զբաղվել է փաստաբան Արմեն Պողոսյանը։ Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով եղբայրներին առաջադրված՝ սպանության մեղադրանքին, հայտնեց, որ նրանք ցուցմունք չեն տվել։
Փաստաբանի խոսքով՝ եղբայրները շարունակում են մնալ կալանքի տակ։ Սիրեկանը, որը օրեր առաջ է չափահաս դարձել, պահվում է «Աբովյան» ՔԿՀ-ում՝ անչափահասների համար նախատեսված բաժանմունքում։ Պողոսյանի փոխանցմամբ՝ նա հոգեբանական որևէ խնդիր չունի։ Մյուս եղբայրը, սակայն, հոգեբանական խնդիրներ ունի։ Սակայն երկուսն էլ ճանաչվել են մեղսունակ։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Русский