Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հետաքրքիր քննարկումներ են Իրանում Փաշինյանի` Տիգրանաշենի հնարավոր հանձնման մասին հայտարարությունների համատեքստում․ Վարդան Բալյան

Blog Image

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է ․

«Հետաքրքիր քննարկումներ են մեր հարևան Իրանում Հայաստանի գործող վարչապետ Փաշինյանի` Տիգրանաշենի հնարավոր հանձնման մասին հայտարարությունների համատեքստում։

... Այն պայմաններում, երբ Հարավային Կովկասի միջանցքային հավասարումները փոխվում են Հայաստանի տարածքով անցնող այսպես կոչված «Թրամփի միջանցք» նախագծի իրականացմամբ, Իրանը ևս, զարգացնելով այլընտրանքային երթուղին Հայաստանի հողի վրա, մտել է տարածաշրջանային միջանցքային մրցակցության նոր փուլ։ Թուրանական միջանցքին ի հակակշիռ Իրանը այժմ իրականացնում է իր միջանցքի ծրագիրը Հայաստանի տարածքով, որ նրան պետք է հնարավորություն տա միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս շրջանցել Ադրբեջանի և Թուրքիայի տարածքները:

Այս երթուղու առանցքային կետը ներկայում Քաջարանի 7.2 կիլոմետրանոց թունելն է, որի գործնական աշխատանքները արդեն ընթացքի մեջ են։

Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմուհամմադին նախագծի մեկնարկային արարողությանը շեշտել է, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի ավարտը կարող է ապահովել Իրանի և Հայաստանի կապը Սև ծովի հետ: Նշենք, որ Հայաստանի տարածքում ընթացող շինարարությանը զուգահեռ ներկայում իրանական կողմում ևս իրականացվում են Ջուղա-Նուռդուզ ճանապարհի զարգացման և Նուռդուզի կամրջի կառուցման նախագծերը, որպեսզի այս երթուղու օղակները ամբողջանան:

Այս ճանապարհը ավելի մեծ շղթայի մաս է, որը սկսվում է Պարսից ծոցից և Իրանի տրանսպորտային ցանցից, անցնում Նուռդուզի սահմանով, հասնում Հայաստան, այնուհետև Վրաստան և միանում Սևծովյան նավահանգիստներին:

Այսպիսով, Իրանը ստեղծում է միջանցքային տարբերակ մի իրավիճակում, երբ Ադրբեջանը հայտարարում է TRIPP նախագծի իրականացման և Զանգեզուրի միջանցքով առնվազն 15 միլիոն տոննա բեռի փոխադրման թիրախի մասին:
Փաստորեն, ներկայիս մրցակցությունը Կովկասում միայն ճանապարհի կամ երկաթգծի կառուցման մասին չէ, այլ այն բանի, թե առաջիկա տարիներին Հարավային և Արևելյան Ասիայի բեռները որ ուղով են փոխադրվելու դեպի Եվրոպա, Ռուսաստան և Սևծովյան շուկաներ:

Նման պայմաններում Իրան-Հայաստան-Վրաստան ուղին կարող է մրցակցային լինել Ադրբեջանով և Թուրքիայով անցնող երթուղիների նկատմամբ:

Իրանի տեսանկյունից՝ Հայաստանի հետ հաղորդակցային ուղու պահպանումը և Սյունիքը ադրբեջանա֊թուրքական էքսկլավ չդարձնելն ունի ռազմավարական նշանակություն: Հետևաբար, այս տարածքում ենթակառուցվածքների զարգացումը միայն տնտեսական քայլ չէ։

...Մյուս կողմից, Քաջարանի թունելի կառուցմանը իրանական ընկերությունների մասնակցությունն ունի նաև այլ տնտեսական ուղերձ. Իրանը, բացի առևտրի և տարանցման համար այս ուղին օգտագործելուց, արտահանում է իր տեխնիկական և ինժեներական ծառայությունները դեպի տարածաշրջանային կարևոր նախագիծ, ինչը կարող է ամրապնդել իրանական ընկերությունների դիրքերը Կովկասի ենթակառուցվածքային շուկայում:
Քաջարանի թունելը, Իրանի սահմանից դեպի Քաջարան ձգվող ճանապարհի 32-կիլոմետրանոց հատվածի շարունակությամբ, կառուցվում է իրանական «Թունել Սեդ Արիանա» ընկերության կողմից և, շրջանցելով Քաջարանի լեռնանցքը, զգալիորեն կրճատում է ճանապարհի տարածությունն ու ժամանակը:

Իրանը հիմա բանակցում է Հայաստանի և Վրաստանի հետ մրցակցային տարանցիկ ուղի ստեղծելու համար, որին հնարավոր է փորձելու են ընդդիմանալ Ադրբեջան֊Թուրքիա֊ԱՄՆ եռյակը։

..Զանգեզուրը Իրանի աշխարհաքաղաքական կշիռն ավելացնելու բանալին է, որ որևէ պարագայում չի կարելի զիջել թշնամական եռյակին, քանի որ այն կարող է ապահովել իրանական ապրանքների և էներգիայի տարանցման անվտանգ և այլընտրանքային ուղի, որը քիչ կենթարկվի արևմտյան պատժամիջոցների և վերահսկողության ազդեցությանը»:

Send