Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը ոչ թե հրաժեշտի խոսք էր լրագրողներին, այլ ուղերձ՝ Նիկոլ Փաշինյանին

Blog Image

Վանո Սիրադեղյանը մի հոյակապ պատմվածք ունի․«Ափսոս էր երեխան»։ Իհարկե անարդարացի կլինի այդ պատմվածքը համեմատել Ալեն Սիմոնյանի հետ, բայց զուտ վերնագրի պահով, թերևս ԱԺ արդեն համարյա նախկին նախագահը կարող է իրեն պատկերացնել պատմվածքի հերոսի դերում։

Այն, ինչ այսօր կատարվում է Ալեն Սիմոնյանի հետ, կարող է դասագրքային ուղեցույց լինել բոլոր ՔՊ-ականների համար։ Նիկոլ Փաշինյանի համար որևէ նշանակություն չունի, թե իր թիմի առանցքային դեմքերից որ մեկը քանի պերաշկի, կուկուռուզ, սուջուխ կամ քաղցր ձողիկ կուտի իր հետ, եթե նույնիսկ չսիրի այդ ուտելիքները։ Նշանակություն չունի նաև, եթե թիմի այդ ներկայացուցիչը իր ձեռքերը տաք կարտոֆիլով ու դեմքի գրեթե նույն միմիկայով, ճիշտ նույն պահին այրի, ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Մի թեթև սայթաքում ու կերած թե՛ կուկուռուզը, թե՛ սուջուխը կմնան կոկորդին։

Որքան էլ խոսվի ՔՊ-ի ներքին ժողովրդավարությունից, ինչ-որ ցիկլերի փակումից, քաղաքական կապիտալների ձեռքբերումներից ու ներկուսակցական ընտրություններից, ակնհայտ է մի բան, եթե Նիկոլ Փաշինյանը ուղիղ հրահանգներ է տալիս իրավապահ մարմիններին, դատավորներին, ուժային կառույցներին ու բացահայտ հայտարարում, որ «Ես եմ կառավարությունը»։ Եթե Նիկոլ Փաշինյանը, լինելով գործադիր մարմնի ղեկավար, SMS-ով հրահանգում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին՝ պատգամավորներին վայր դնել մանդատը, ապա ինչպե՞ս նա կարող է ներքին ազատություններ հանդուրժել կուսակցությունում, հատկապես, որ այն ստեղծվել է իր կողմից։

Թե որ մեղքի համար է պատժվում Ալեն Սիմոնյանը, վստահաբար դա կիմանանք առաջիկայում, բայց այս պահին փաստենք, որ իր քաղաքական գահավիժումը կապված է միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ։ Իսկ որ այսօրվանից Ալեն Սիմոնյանի քաղաքական կարիերայում սկսվում է հետընթաց, ակնհայտ է։ Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցնելուց հետո, հատկապես խորհրդարանական երկրում, մնացյալ բոլոր նշանակումները, բացառությամբ մեկ-երկու պաշտոնի, լինելու է իջեցում ու այդ մասին շատ լավ հասկանում է նաև Ալեն Սիմոնյանը։

Ես չեմ կիսում նաև այն տեսակետը, որ նրան չներվեցին կոռեկտության սահմաններն անցնող որոշ արտահայտություններ կամ օրինակ՝ քաղաքացու վրա թքելը։ Կրկին հաշվի առնելով, որ որոշողը միայն մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը, ապա ի՞նչ են նրա համար թքելը կամ հայհոյելը, երբ հենց ինքը սպառնում է քաղաքական ընդդիմադիրներին կզցնել կամ ինչ-որ մի բան ու կարևոր չէ ինչ, մտցնել ոմանց համապատասխան տեղը։ Դրանք «մանրուքներ» են, որոնց Փաշինյանն ուշադրություն չէր դարձնի, եթե չլիներ շատ ավելի խորքային պատճառ։

Իսկ ո՞րն է այդ պատճառը, ապա այդ մասին գիտի Ալեն Սիմոնյանը ու այսօրվա ճեպազրույցը ոչ թե հրաժեշտի խոսք էր Ազգային ժողովին կամ լրագրողներին ուղղված, այլ ուղերձ՝ Նիկոլ Փաշինյանին։

Ճեպազրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանի հնչեցրած բոլոր մտքերը, այն է՝ քաղաքական համակարգի կայացում, ցիկլի փակում, հոգնել կամ հանգստանալ, անձնական կյանքով զբաղվել և այլն, դրանք բոլորը լիրիկայի ժանրից են։ Իսկ քաղաքական փաստը մնում է այն, որ նա հայտ էր ներկայացրել կրկին զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնն ու մերժվել։ Ամբողջ ճեպազրույցի ընթացքում նրա հնչեցրած մտքերի մեխը հետևյալն էր, որ «Ես միշտ կես քայլ հետ եմ լինելու Նիկոլ Փաշինյանից ու երբ նա անհրաժեշտություն ունենա ու շրջվի, ինձ կտեսնի իր կողքին կանգնած»։

Քանի որ բոլորին է հայտնի, որ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում պաշտոնանկ անելուց հետո քրեական գործեր հարուցել նույնիսկ իր թիմակիցների նկատմամբ, ապա այդ հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը ցանկանում է կանխել կամ մեղմել այն գործընթացները, որոնք հնարավոր է հաջորդեն այն պահին, երբ դառնա նախկին պաշտոնյա։

Կարեն Կարապետյան

Send