Հուլիսի 6-ին Երկիրը կանցնի իր ուղեծրի աֆելիայի կետով՝ գտնվելով Արեգակից տարվա ընթացքում ամենամեծ հեռավորության վրա։ Այդ օրը մեր մոլորակի ուղեծրային արագությունը կհասնի տարվա նվազագույն արժեքին։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Քանի որ Երկրի ուղեծիրը կատարյալ շրջանաձև չէ, այլ էլիպսաձև, մեր մոլորակը յուրաքանչյուր տարի մոտավորապես նույն ժամանակահատվածում մեկ անգամ առավելագույնս մոտենում է Արեգակին (հունվարին՝ պերիհելիում) և մեկ անգամ առավելագույնս հեռանում նրանից (հուլիսին՝ աֆելիա)։
2026 թվականի հուլիսի 6-ին Երկիրը կլինի Արեգակից 152 093 251 կմ (կամ 1.0167 աստղագիտական միավոր) հեռավորության վրա։
Այդ օրը Երկրի ուղեծրային արագությունը կնվազի մինչև 29.27–29.29 կմ/վ, մինչդեռ պերիհելիում այն աճում է մինչև 30.27–30.29 կմ/վ։ Բացի այդ, հուլիսի 6-ին Արեգակի տեսանելի անկյունային տրամագիծը նույնպես կլինի տարվա ընթացքում ամենափոքրը։
Այդ փոփոխությունը պայմանավորված է Կեպլերի երկրորդ օրենքով, որի համաձայն՝ մոլորակները Արեգակին ավելի մոտ գտնվելիս շարժվում են ավելի արագ, իսկ նրանից հեռանալիս՝ ավելի դանդաղ»,- գրել է նա։

Русский