Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»

Blog Image

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ վերջին օրերին արձանագրվեց ԱԺ նիստերի դահլիճում, կարծում ենք, ավելին էր, քան՝ իշխող ուժի՝ ՔՊ-ի վայրիվերո հարձակումը ընդդիմադիրների, մասնավորաբար՝ ՀՅ Դաշնակցության վրա: Ու դա զուտ երկու քաղաքական ուժի՝ իշխանական ՔՊ-ի ու ընդդիմադիր ՀՅԴ-ի փոխհարաբերությունների տիրույթից դուրս է:

Հարցը հստակ էր. հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը (գրական անունը՝ Մովսես) հրապարակային հայտարարություններ էր արել ՀՅԴ հասցեին: Դաշնակցության ներկայացուցիչները, արձանագրելով, որ քաղաքական չեզոքության պահանջի ներքո գտնվող պետական պաշտոնյան խախտել է այդ նորմը, օրինագիծ էին ներկայացրել՝ Հակոբ Հակոբյանին ՀՌ հանձնաժողովի անդամությունը դադարեցնելու մասին: Այս փաստը պիտի քննարկվեր համապատասխան որոշմամբ: ՔՊ-ն, իհարկե, չհեռացրեց «իր» Հակոբ Հակոբյանին: Բայց հարցի քննարկումն էլ փորձեցին վերածել «դատել դատողներին» ֆանտասմագորիայի՝ կատաղի հարձակում սկսելով Հայ Յեղեփոխական Դաշնակցության վրա: Կարճ ասած... ՔՊ-ն «դատում» էր Դաշնակցությանը:

Հարկավ, ՀՅԴ ներկայացուցիչները շրխկան պատասխաններ տվեցին ու հակադարձեցին այդ մեղադրանքներին ու հակադաշնակցական վակխանալիայի դրսևորմանը: Բայց հարցը նույնիսկ դա չէ: Հարցը նույնիսկ այն չէ, որ ՔՊ-ի «աչքերը չէին ուռել» Հակոբ Հակոբյանի համար, նա ընդամենն առիթ էր:

Իսկ ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը թիրախավորել Դաշնակցությանը: Հարցն ինչ-որ տեղ կարելի է հռետորական համարել, քանզի պատասխանն ակնհայտ է. Արցախն ուրացած, Արարատն ուրացող, հայությանը որպես զուտ կենսաբանական օրգանիզմ տեսնող ՔՊ-ի ու Փաշինյանի համար թիրախ է ցանկացած կառույց, ինստիտուտ և ուժ, որը շաղկապված է ազգային ինքնությանը, ազգի պատմությանն ու պատմական հիշողությանը: Փաշինյանի ու նրա իշխանության թիրախում է ամեն մի ուժ (կառույց), ազգային հաստատություն, որը մեր ազգային ինքնության բաղկացուցիչ է:

Ասվածի ամենից ցայտուն դրսևորումը Հայ առաքելական եկեղեցու դեմ անձամբ Փաշինյանի կողմից իրականացվող ու հրահանգավորվող բռնաճնշումներն ու հալածանքներն են:

Եվ եթե Հայ առաքելական եկեղեցին մեր ազգային ինքնության կարևորագույն հիմնասյունն է, ապա 135-ամյա ՀՅ Դաշնակցությունն էլ, կարելի է ասել, վերջին հարյուրամյակում մեր ժողովրդի քաղաքական ինքնության ու ներկայության որոշակի մարմնավորումն է: Սա՝ անկախ այն բանից, թե մեզանից յուրաքանչյուրը ինչպես է վերաբերվում տվյալ կուսակցությանը, այս կամ այն դաշնակցական գործչին:

Բուն հարցն այն է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն գնով ձգտում են ժողովրդի պատմական հիշողությունը, արժեքային կողմնորոշիչները, գաղափարական ընկալումները, ազգային երազանքները կտրել, ոչնչացնել, ջնջել, առնվազն վերաձևել ու փոխարենը ներդնել իրենց խեղաթյուրված, «իրականհայաստանյան», ստամոքսահյութային, խեղճուկրակային, «թուրքի ծառա լինելու» պատկերացումները: Եթե դրանք կարելի է պատկերացում համարել:

Եվ, այո, ձեռքի հետ էլ ալիևներին ու էրդողաններին ցույց են տալիս, թե տեսեք՝ ոնց ենք պայքարում «հայ ռևանշիստների» դեմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Send