Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ․ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում էր էլեկտրական ենթակայան։
Դեպքի վայր մեկնեցին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնմեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
«Հրդեհի բարդությունից ելնելով՝ կանչի աստիճանը հաջորդաբար բարձրացվել է․ սկզբում հայտարարվել է «1-ԲԻՍ», ապա՝ 2-րդ, այնուհետև՝ 3-րդ՝ բարձր կանչ։ Ըստ հրդեհների մեկնման չվացուցակի՝ ներգրավվել են համապատասխան թվով հրշեջ-փրկարարական մեքենաներ և անձնակազմ։ Տեղում աշխատել է 11 մարտական հաշվարկ, օգտագործվել է նաև ավտոսանդուղք»,-նշում է ՓԾ Երևանի ՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գարեգին Հակոբյանը։
Հրշեջ-փրկարարների առաջնային խնդիրը հրդեհը մեկուսացնելն ու կրակի տարածումը կանխելն էր․ հարակից խոտածածկ տարածքում բուսականության բռնկումը կարող էր ընդլայնել հրդեհի ընդգրկման գոտին և բարդացնել հրդեհաշիջումը։ Կրակի դեմ պայքարը շարունակվեց մինչև ուշ երեկո։
«Հրդեհի հետևանքով այրվել է բարձր լարման ենթակայանի տրանսֆորմատորային մարտկոցը, որը պարունակում էր մոտ 30 տոննա հովացման յուղ։ Հրդեհաշիջումը բարդացնում էր ինտենսիվ այրման հետևանքով անջատվող մեծ ջերմությունը․ այն սահմանափակում էր հրշեջ-փրկարարների մոտենալու հնարավորությունը և խոչընդոտում աշխատանքների արագ իրականացմանը։
Ձեռնարկված գործողությունների շնորհիվ հաջողվել է մյուս ենթակայանը պաշտպանել կրակից։ Նկուղային և վարչական շենքի հատվածներում առաջացած հրդեհները մեկուսացվել և մարվել են։ Կանխվել է նաև կրակի տարածումը մալուխային գծերով»,- պատմում է Գարեգին Հակոբյանը։
Վտանգելով սեփական կյանքը՝ փրկարարներին հաջողվեց ժամը 20։10-ին մեկուսացնել հրդեհը։ Կրակի տարածումը կասեցնելուց հետո նրանք շարունակեցին աշխատանքները՝ հրդեհի օջախներն ամբողջությամբ մարելու ուղղությամբ։
Հրդեհաշիջման ընթացքում երկու փրկարար ծխահարվել է․ նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսն առաջին բուժօգնությունն ստացել է տեղում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Շուրջ չորս ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվեցին ժամը 21։10-ին․ հրդեհը մարվեց։ Ենթակայանի մոտ սահմանվել է հերթապահություն։
ՆԳՆ

Русский