Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի բմբուլները քաղաքականապես քամուն ենք տալու․ Կարապետյան

Blog Image

Վերջին շրջանում ՔՊ-ական պատգամավորներն ակտիվորեն նոր թեզ են առաջ տանում, թե Անդրանիկ Թևանյանը Հայկ Մարությանի քաղաքական գործընկերն է, և նախկին քաղաքապետը նրա հետ համարյա կոալիցիա էր կազմում Երևանի ընտրություններում։

Նման հայտարարություն անողներից մեկը Վահագն Ալեքսանյանն է, ով ֆեյսբուքյան իր էջում ակնարկել էր, որ այսօր հայտնի կդառնան «Թևանյանի պետական դավաճանության մանրամասները»:

Այս ամենի վերաբերյալ զրուցել ենք «Նոր ուժ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հակոբ Կարապետյանի հետ, որն իր խոսքում նշեց՝ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը կոչվում է «ջեբը գցել», ինչը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրված մեթոդներից մեկն է՝ մանիպուլյացիաների և ապատեղեկատվության միջոցով ինչ-որ հայտարարություններ անելը։

«Պետք է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին հիշեցնել, որ նրանք թղթով և կնքված հուշագրով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կոալիցիոն գործընկերն են եղել, նույն «Բարգավաճ Հայաստանի», որի ցուցակով էլ Անդրանիկ Թևանյանը առաջադրված է։ Նույն իրենց սրտի ընդդիմադիր ուժերի հետ են կոալիցիոն գործընկեր եղել, ի տարբերություն մեզ, որ նշվածներից որևէ մեկի հետ կոալիցիոն գործընկերության մեջ չենք եղել»,- նշեց մեր զրուցակիցը։

Կարապետյանն ասում է, որ սա հերթական մանիպուլյացիան է։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք ունեն մտավախություն, որ հաջորդը խուզարկության հրահանգ կլինի Հայկ Մարությանի վերաբերյալ, Հակոբյանը նշեց, որ իրենք մտավախություններ չունեն։ «Նիկոլ Փաշինյանի հախուռն և անկանխատեսելի վարքը և այն, որ նրա վարքագծի մեջ ռեպրեսիվ նոտաների խորանալը հաշվի առնելով՝ ինչ ասես կարող է լինի։ Եթե մարդն ասում է՝ «բմբուլներդ քամուն կտամ» ու դրա համար կալանավորում են նրան, ապա ամեն ինչ հնարավոր է։ Մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանի բմբուլները քաղաքանապես քամուն ենք տալու»,- եզրափակեց խոսքը Հակոբ Կարապետյանը։

Էմմա Մարտիրոսյան

Send