Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ»

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նրա հայտարարագրերը և արձանագրեց, որ մինչև 2018 թվականի հեղափոխությունը լայն հանրությանը գրեթե անհայտ Կոստանյանը հեղափոխությունից հետո շեշտակի ու կտրուկ աճ գրանցեց՝ կարճ ժամանակում հասնելով բարձր պաշտոնների, այն դեպքում, երբ նման պաշտոններում սովորաբար նշանակվում են երկարամյա դիվանագիտական փորձ ունեցող մասնագետներ։ Միևնույն ժամանակ, նրա անվան շուրջ 2024 թվականին շրջանառվում էր նաև սկանդալային պատմություն․ ըստ քաղաքացիների վկայության՝ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը սպասարկել է Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար քաղաքացիներից գումար էր վերցրել։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նաև Կոստանյանի կենսագրական տվյալները։ Նա ծնվել է 1994 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում (2012-2020 թթ.)։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 2017-2018 թթ․՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական, 2018-ին դարձել է ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, ապա՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ։ 2019-ին եղել է ԱԺ նախագահի օգնական, այնուհետև՝ խորհրդական (2019-2021 թթ.)։ 2021-ին նշանակվել է ԱԳ նախարարի օգնական, ապա խորհրդական (2021-2023 թթ.)։ 2023 թվականի հունվարի 27-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Այս շաբաթ Կոստանյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ՝ կապված Էմանուել Մակրոնի Հայաստան նախատեսվող այցի հետ։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ այցի շրջանակներում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։

«Բավականին մեծ օրակարգ ենք ունենալու ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, ի վերջո, կստորագրվի, կստորագրվեն նաև էական նշանակություն ունեցող ոլորտային համագործակցության փաստաթղթեր», – նշել է նա։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նաև տարբեր տարիներին Կոստանյանի հայտարարագրային տվյալները։

Հայտարարագրի տվյալներ

2024 թվական
2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա անշարժ գույք չունի։ Ունի 2009 թվականի արտադրության Toyota ավտոմեքենա (ձեռք է բերել 2019 թվականին)։ Բանկային հաշիվներում ունեցել է 6,609,892 դրամ, կանխիկ՝ 50,000 դրամ։ Տարվա եկամուտը կազմել է 15,336,772 դրամ՝ ԱԳՆ-ից ստացած աշխատավարձ։

2023 թվական
2023 թվականի հայտարարագրով՝ բանկային հաշիվների մնացորդները կազմել են ընդհանուր 6,157,274 դրամ (4,848,114 + 1,295,480 + 13,680 դրամ)։ Կանխիկ միջոցները՝ 80,000 դրամ։ Տարեսկզբին ունեցել է 272,000 դրամ փոխառություն, որը տարեվերջին մարվել է։ Տարվա եկամուտը կազմել է 14,813,277 դրամ, իսկ վարկի մնացորդը՝ 4,515,886 դրամ։

2022 թվական
2022 թվականի հայտարարագրով՝ բանկային հաշիվներում ունեցել է 906,773 դրամ (894,773 + 12,000 դրամ), կանխիկ՝ 100,000 դրամ։ Եկամուտը կազմել է 7,739,330 դրամ, իսկ վարկային պարտավորությունը՝ 272,000 դրամ։

2021 թվական
2021 թվականի հայտարարագրով՝ բանկային հաշիվներում ունեցել է 476,000 դրամ և 30 եվրո, կանխիկ՝ 200,000 դրամ։ Եկամուտները կազմել են ընդհանուր 8,838,126 դրամ (ԱԺ-ից՝ 6,417,810 դրամ, ԱԳՆ-ից՝ 2,420,316 դրամ)։ Տարվա վերջում ունեցել է 400,000 դրամ փոխառություն և 300,000 դրամ վարկի մնացորդ։

«Ժողովուրդ» օրաթերթը եզրափակում է, որ Կոստանյանի ֆինանսական ցուցանիշները տարեցտարի աճել են՝ զուգահեռ նրա կարիերայի արագ առաջխաղացմանը»։

Send