Այսօր՝ ապրիլի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ժողովրդին հայտնի «Բիձու գյոլից» դեպի Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհին՝ ձախակողմյան հատվածով հոսող Հրազդան գետում, դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Ավագ Պետրոսյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ համայնքային ոստիկաններն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ճշտել են այն քաղաքացու ինքնությունը, ով գետում նկատել է դին։ Նա անգամ նկարել է մարմինը, որը ակնհայտ երևում է, սակայն մինչ կժամանեին փրկարարներն ու ոստիկանները, գետի հունը բարձրացել է, և այս պահին մարմինը չի երևում։ Հավանաբար կամ մնացել է ջրի տակ, կամ գետը քշել տարել է։
Այս պահին ոստիկանության Մաշտոցի, Մալաթիայի, Կենտրոնականի բաժնի պետերը հանձնարարել են իրենց ղեկավարած բաժինների համայնքային ոստիկաններին պարզելու համար իրենց տարածքներում անհայտ որոնվող քաղաքացիների ինքնությունը։
Չի բացառվում, որ մարմինը, որը նկատվել է Հրազդան գետում, անհայտ որոնվող լինի։

Русский