Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ուժեղ կարկուտ՝ Ստեփանավանում. ե՞րբ մարդիկ սպասեն փոխհատուցման

Blog Image

Հունիսի 6-ին Ստեփանավան համայնքում խոշոր կարկուտ է տեղացել։ MediaHub-ին տեղի բնակիչները հայտնել էին, որ րոպեների ընթացքում վնասվել էր բերքը, ինչպես նաև կոտրվել էին մի շարք տների տանիքներ։ Վնասներն այնքան մեծ էին, որ փոխհատուցման գումարը կարող էր հասնել միլիոնների։ Տանիքների վնասման պատճառով բազմաթիվ քաղաքացիներ ստիպված էին դրանք ծածկել վրաններով, հեռացնել փլվածքներն ու կուտակված ջուրը, իսկ անձրևի ժամանակ տներում դույլեր տեղադրել, որպեսզի ջուրը ներս չլցվի։
 
MediaHub-ի հետ նախնական զրույցում Ստեփանավանի համայնքապետարանից նշել էին․ «Հունիսի 26-ին ավարտվում է գրանցման փուլը, սակայն դրանից հետո աշխատանքները շարունակվելու են։ Այժմ մեր խմբերը տեղերում շրջայցեր են կատարում, այցելում տներ, փաստագրում վնասները և արձանագրություններ կազմում։ Այս գործընթացը շարունակական է և կավարտվի միայն այն ժամանակ, երբ կազմվի վերջին տուժած բնակչի արձանագրությունը։ Այս պահին հստակ ժամկետ չենք կարող նշել, քանի որ մեր աշխատանքի ավարտը պայմանավորված է վերջին արձանագրության կազմմամբ։ Նախ պետք է բոլոր արձանագրությունները պատրաստ լինեն, այնուհետև դրանք կուղարկվեն կառավարություն, և միայն դրանից հետո կքննարկվի ու կորոշվի փոխհատուցման հարցը»։
 
Իսկ ո՞ր փուլին է հասել համայնքապետարանը, ե՞րբ քաղաքացիները սպասեն փոխհատուցման: «Արդեն ավարտել ենք արձանագրությունները, ուսումնասիրությունն ուղարկել ենք մարզպետարան։ Մարզային հանձնաժողովը կհաստատի, այնուհետև փաստաթղթերը կուղարկվեն կառավարություն՝ որոշում կայացնելու։ Ունեինք 1292 դիմում, որոնց մեջ ներառված են տան, ավտոտնակի, անասնագոմի տանիքներ, արևային կայաններ, ջրատաքացուցիչներ և այլն»,- ասացին համայնքապետարանից։
 
Անդրադառնալով հարցին, թե մոտավորապես երբ մարդիկ կարող են սպասել փոխհատուցմանը՝ համայնքապետարանից նշեցին, որ դա կախված է հետագա գործընթացներից. հանձնաժողովները նույնպես պետք է ուսումնասիրեն կատարված աշխատանքները, և հստակություն կլինի հավանաբար մեկ-երկու ամսից։

Մարիաննա Արամյան

Send