Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը, Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տրվել. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Հայ առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների դեմ: Պարզապես նախընտրական շրջանում դա ավելի անաղմուկ է անում։

Գրել էինք, որ ՔԿԾ պետի հրահանգով կալանավայրերը սպասարկող հոգեւորականների, մասնավորապես Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մուտքն է արգելել ՔԿՀ, նա 10 տարուց ավելի այցելել է ցմահ դատապարտյալներին։

ՔԿՀ-ներին կցված հոգեւոր սպասավորներն անվճար հիմունքներով երկար տարիներ ծառայություն են իրականացնում, ընտրվել են կաթողիկոսի որոշմամբ, Մայր Աթոռում ՔԿՀ-ները սպասարկող բաժին կա։ Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ գործը եկեղեցու ձեռքից առնել կաթողիկոսին զրկելով եւս մի լծակից։

Պատմեցին, որ շաբաթներ առաջ ՔԿԾ-ից կապ են հաստատել գործող հոգեւոր սպասավորների հետ, առաջարկել են իրենց հետ պայմանագրեր կնքել, ընդ որում՝ վճարովի հիմունքներով, փորձելով շահագրգռել, որ տիրադավների շարքերը համալրեն, սակայն նրանք չեն համաձայնել: Դրանից հետո սկսել են պայմանագրեր կնքել Փաշինյանի կողմն անցած տիրադավների թեմերի հոգեւորականների հետ: Թե որքան են վճարելու նրանց, առաջիկայում կպարզենք։

Նշենք, որ այժմ ՔԿՀ-ների հոգեւոր տեսուչը Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանն է, որն առաջինն է մերժել իշխանության գործարքը: Ըստ ամենայնի, շուտով նրան փոխարինող կգտնեն։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի հրամանով էլ փետրվարի 1-ից դադարեցվել է ԶՈՒ հոգեւոր ծառայողների գործունեությունը ՊՆ համակարգում։ Իսկ մարտի 27-ին Փաշինյանը Ներման հարցերի հանձնաժողովի կազմում էր ընդգրկել Արման Սարոյանին՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին։

 

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս Գյումրիում կրած ֆիասկոն, եւ այսօր նա որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը նոր ջերմ տեսարաններ բեմադրելով հայրաքաղաքում, որպեսզի հակառակն ապացուցի եւ հանրությանը համոզի, որ Գյումրին, որտեղից ինքը 18-ին սկսեց իր «հեղափոխությունը», չի մերժում իրեն։

Մեր տեղեկություններով, կիրակի օրվա ավտոերթից ու Վարդանանց հրապարակում ունեցած անհաջող համերգից հետո, որին քիչ թվով շիրակցիներ էին մասնակցում, Փաշինյանը պաշտոնական այց է ծրագրել եւ այսօր Գյումրիում մասնակցելու է դպրոցի բացման:

Մեզ ասացին, որ կայցելի նաեւ որոշ համայնքներ, որտեղ նախապես ծրագրված ջերմ ընդունելություն կբեմադրեն, որ «ջրեն» նախորդ անգամվա տխուր տպավորությունը։

Ավելի վաղ գրել էինք, որ հենց իշխանությունների ուսումնասիրություններով իրենց դիրքերը թույլ են Շիրակի եւ Լոռվա մարզերում: Առաջիկա շաբաթներին հենց այդ ուղղությամբ են աշխատելու, որ վարկանիշ բարձրացնեն։

Ինչպես նաեւ ձերբակալություններ են իրականացնելու, ինչպես արեցին Գյուլագարակում, որ մարդկանց վախեցնեն՝ չաջակցեն ընդդիմությանը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, հատկապես՝ անձնական նամակագրության և հաղորդակցության գաղտնիությունը, լուրջ կասկածների տակ է դրվում։ Պաշտոնական վիճակագրությունը ուսումնասիրելիս «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախաքննական մարմինները տարեցտարի դատարաններ են ներկայացնում արդեն հազարավոր միջնորդություններ՝ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավում կատարելու թույլտվություն ստանալու համար, և դատարանների զգալի մասը դրանք բավարարում է։ Սա նշանակում է, որ քաղաքացիների անձնական SMS-ների և հաղորդակցության գաղտնիությունը գործնականում բացարձակապես ապահովված չէ։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է պաշտոնական վիճակագրական տվյալները, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինների՝ դատարաններ ներկայացված միջնորդություններին՝ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավում իրականացնելու վերաբերյալ։

Այսպես՝ 2023 թվականին նախաքննական մարմինները դատարան են ներկայացրել 666 միջնորդություն, որոնցից 361-ը բավարարվել է։ Այսինքն՝ դատարանները բավարարել են ներկայացված միջնորդությունների կեսից ավելին։

2024 թվականին թիվը մեծացել է․ դատարաններ է ներկայացվել 647 միջնորդություն, որոնցից 383-ն է բավարարվել։

Առավել մտահոգիչ է 2025 թվականի պատկերը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն նախորդ տարվա ընթացքում նախաքննական մարմինները դատարաններ են ներկայացրել արդեն 6662 միջնորդություն, որոնցից 4571-ը բավարարվել է։ Այս թվերը ոչ միայն բազմակի գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշները, այլև փաստում են, որ անձնական նամակագրության և հաղորդակցության գաղտնիության ոլորտում միջամտությունների ծավալը կտրուկ աճել է։

Եթե 2023 և 2024 թվականներին խոսքը հարյուրավոր գաղտնալսված և բացահայտված դեպքերի մասին էր, ապա 2025 թվականին արդեն արձանագրվել են հազարավոր միջամտության փորձեր, որոնց ճնշող մեծամասնությունը ստացել է նաև դատարանի համաձայնությունը։ Սա նշանակում է, որ քաղաքացիների անձնական հաղորդակցությունը, ներառյալ՝ SMS-ները, ցանկացած պահի կարող է հայտնվել իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում՝ օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում։

Ստացվում է, որ թղթի վրա, օրենքներում ամրագրված անձնական կյանքի և նամակագրության գաղտնիության իրավունքը գործնականում չի գործում։ 2025 թվականի կտրուկ աճը արդեն ոչ միայն մտահոգիչ ազդակ է, այլև լուրջ ահազանգ՝ անձնական կյանքի պաշտպանության համակարգում խորքային խնդիրների առկայության մասին։

Send