Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞ր մասնագիտություններն են ամենապահանջվածը, և որո՞նք մնացին թափուր

Blog Image

Հայաստանի բուհերի 2026 թվականի ընդունելության հիմնական փուլի արդյունքներն արդեն ամփոփվել են։

Պարզ է դարձել, թե որ մասնագիտություններն են շարունակում մնալ ամենապահանջվածների շարքում, իսկ որոնք այս տարի ևս չեն կարողացել համալրել նախատեսված տեղերը։ Միևնույն ժամանակ արդեն հայտարարվել է թափուր տեղերի մրցույթը, որը հնարավորություն կտա հիմնական փուլից դուրս մնացած դիմորդներին կրկին պայքարել ուսանողական տեղերի համար։
 
Որո՞նք են երիտասարդների կողմից ամենապահանջված մասնագիտությունները և որոնք են դուրս մնացել հետաքրքրության դաշտից. հարցերի շուրջ զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ, ով նշեց, որ այս տարվա պատկերն էականորեն չի տարբերվում նախորդ տարիներից։
 
«Զարմանալի տենդենց չկա, նախորդ տարիների համեմատ իրավիճակը նույնն է։ Գերծանրաբեռնված են Բժշկական համալսարանը, Իրավագիտությունը, Ինֆորմատիկան։ Տարեցտարի ավելանում է նաև ճարտարապետության ուղղությամբ դիմորդների թիվը, բավականին մեծ մրցակցություն է ձևավորվում ճարտարապետական ֆակուլտետի համար։ Իսկ թափուր տեղերը հիմնականում մնում են ագրարային ոլորտում, մանկավարժական մասնագիտություններում»,- նշեց կրթության փորձագետը։
 
Մասնագետի համոզմամբ՝ այս ընտրություններն ամենևին էլ պատահական չեն։ Երիտասարդներն այսօր առավել հաշվարկված որոշումներ են կայացնում՝ նախապես գնահատելով, թե տվյալ մասնագիտությունն ապագայում որքան մրցունակ կլինի աշխատաշուկայում և ինչ եկամուտ կարող է ապահովել։ «Իմ դիտարկմամբ՝ այսօր մասնագիտության ընտրության հարցում երիտասարդների համար առաջնային են դարձել ոչ միայն հետաքրքրությունները, այլև ֆինանսական կայունությունն ու կարիերայի հեռանկարները։ Եթե տարիներ առաջ պարզապես բարձրագույն կրթության դիպլոմ ունենալու նպատակով էին դիմում տարբեր բուհեր, ապա այժմ ընտրությունը շատ ավելի գիտակցված և պրակտիկ է դարձել։ Եթե այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության կամ իրավագիտության ոլորտում ես, եկամուտ ստանալու հնարավորություններն ավելի բարձր են։ Իսկ եթե, օրինակ, գրադարանավար ես, ուսուցիչ կամ անասնաբույժ, ապա եկամուտներն ավելի ցածր են։ Մարդիկ ընտրում են այն մասնագիտությունները, որոնք եկամտաբեր են, լավ սովորողները հիմնականում գնում են այդ ուղղություններով»,- ասաց Խաչատրյանը։
 
Վերջին տարիներին առավել նկատելի է դարձել ևս մեկ միտում․ բազմաթիվ երիտասարդներ բարձրագույն կրթությունը շարունակում են արտերկրում և ավարտելուց հետո նախընտրում են աշխատել հենց այնտեղ՝ չվերադառնալով Հայաստան։ Կրթության փորձագետի խոսքով՝ դա միայն կրթական խնդիր չէ, այլև պետական նշանակության խնդիր է։ Եթե Հայաստանը ցանկանում է պահպանել իր լավագույն մասնագետներին, ապա պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որտեղ նրանք ոչ միայն արժանապատիվ վարձատրություն կստանան, այլև մասնագիտական աճի իրական հնարավորություն կունենան։ «Այստեղ շատ նուրբ խնդիր կա։ Մարդիկ արտերկրում աշխատում են ոչ միայն բարձր աշխատավարձի, այլ նաև մասնագիտական զարգացման նպատակով։ Շատ կարևոր է, թե ինչ միջավայրում ես աշխատում, ինչպիսի մասնագետներ են քեզ շրջապատում։ Զարգացած երկրների առավելություններից մեկն այն է, որ այնտեղ աշխատանքային միջավայրը զարգացնող է, իսկ մեզ մոտ նման միջավայրի պակաս կա»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։
 
Ինչ վերաբերում է բուհերում մնացած թափուր տեղերի վերջնական թվին, ապա, ըստ փորձագետի, այս պահին դրանց մասին խոսելը դեռ վաղ է։ «Դեռևս կան բազմաթիվ դիմորդներ, որոնք հիմնական մրցութային փուլում դուրս են մնացել՝ ունենալով դրական գնահատականներ։ Այժմ ԳԹԿ-ն հայտարարել է թափուր տեղերի մրցույթ, և այդ դիմորդները հնարավորություն կունենան համալրել ազատ մնացած տեղերը։ Հետևաբար վերջնական թվերը դեռ կփոխվեն»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։
 
Թափուր տեղերի համար կարող են դիմել հիմնական մրցութային փուլից դուրս մնացած դիմորդները։ Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ կարող են ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ հուլիսի 20-22-ը, մինչև ժամը 18:00-ն։

Ալիտա Եղիազարյան

Send