Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի ութ բնիկ զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, հաղորդել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության մամուլի ծառայությունը։
Ծառայությունը նշել է, որ նրանք սպառնալիք են ներկայացրել ՌԴ ազգային անվտանգության համար։
Քաղաքացիությունից զրկվածների թվում է Ստավրոպոլի երկրամասի բնակիչ, որին ԱԴԾ-ն մեղադրում է օտարերկրացիների շրջանում ռուսական մշակույթի և սլավոնների նկատմամբ բացասական վերաբերմունք տարածելու, Հատուկ ռազմական գործողության մասնակիցներին աջակցության միջոցառումները խափանելու կոչերի մեջ։
Ադիգեայում բնակվող մեկ այլ անձ, ըստ ԱԴԾ-ի, քննադատել է մուսուլմանների մասնակցությունը ռուսական բանակի կողմից մարտական գործողություններին և քննարկել է Ռուսաստանում «ջիհադ» վարելու հարցը։ Նա «էթնիկ գերազանցության գաղափարների կողմնակից է եղել և չի ցանկանցել ինտեգրվել իր լեզվական և մշակութային միջավայրին»։
ԱԴԾ-ն Տվերի մարզի երեք բնակիչների կապել է կեղծ ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի մատակարարման և վաճառքի, Կենտրոնական Ասիայից մարդկանց ոչ պաշտոնական աշխատանքի տեղավորման և մի շարք հանցագործությունների հետ, այդ թվում՝ հարձակման, գողության և օտարերկրացիների կեղծ գրանցման հետ։
Ծառայության տվյալներով՝ Չելյաբինսկի մարզի բնակիչը զրկվել է քաղաքացիությունից՝ մեծածախ շուկայի տարածքում անօրինական պաշտամունքի վայր կազմակերպելու և Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված և արգելված միջազգային կրոնական կազմակերպության գործունեությանը մասնակցելուն նպաստելու համար։
ԱԴԾ-ն նաև մեղադրանք է առաջադրել Անդրկովկասից ևս երկու անձանց՝ էթնիկական ատելություն հրահրելու և սփյուռքի անդամներին ռուսական անձնագրերից հրաժարվելու կոչ անելու համար։
2023 թվականի ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս դադարեցնել ձեռք բերված ռուսական քաղաքացիությունը «երկրի ազգային անվտանգությանը սպառնալիք» ներկայացնող գործողությունների համար։ Օրենքը քաղաքացիությունից զրկելու հիմքեր է նախատեսում Քրեական օրենսգրքի ավելի քան 60 հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար։ Դրանք ներառում են ռուսական բանակի օգտագործման մասին գիտակցաբար կեղծ տեղեկատվության հրապարակային տարածումը, բանակի հրապարակային վարկաբեկումմ ու ծայրահեղական և ահաբեկչական գործունեության հետ կապված հանցագործությունները։

Русский