«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վերջին ամիսներին քաղաքացիներից ստացվող բազմաթիվ ահազանգերը ցույց են տալիս, որ Temu հարթակից կատարվող գնումների առաքման գործընթացում նկատվում են փոփոխություններ, որոնք դարձել են դժգոհության պատճառ։ Գնորդների խոսքով՝ նախկինում լայնորեն կիրառվող դռնից-դուռ առաքման փոխարեն այժմ ավելի հաճախ առաջարկվում է առաքանին ստանալ փոստային բաժանմունքից, ինչը հակասում է առցանց գնումների հիմնական առավելությանը՝ հարմարավետությանը։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Հայփոստ-ը պարզաբանել է, որ Temu-ից կատարված գնումների առաքումն իրականացվում է երկու եղանակով՝ «տուն առաքում» և փոստային բաժանմունքից ստացում (pick-up)։
Ընկերությունից նշել են․
«Temu հարթակից կատարված գնումների առաքումը, որի իրականացումը վերապահված է նաև «Հայփոստ» ՓԲԸ-ին, իրականացվում է երկու եղանակով՝ «տուն առաքում» ծառայության և ստացման կետից վերցնելու միջոցով։ Հաճախորդը առաքման եղանակը ընտրում է պատվերի գրանցման ժամանակ»։
Միաժամանակ պարզաբանվել է, որ նույնիսկ «տուն առաքում» ընտրելու դեպքում առաքանին կարող է հայտնվել փոստային բաժանմունքում, եթե այն չի հաջողվել հանձնել հասցեատիրոջը․
«Հանձնման անհնարինության դեպքում (հաճախորդի բացակայություն, հեռախոսազանգերին չպատասխանել և այլն) առաքանին ուղարկվում է տվյալ հասցեն սպասարկող փոստային բաժանմունք, որտեղ այն պահվում է 14 օրացուցային օր»։
Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաև առաքման շուկայում գործող Onex ընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Մարտիրոսյան-ի հետ՝ հասկանալու առաջացած դժգոհությունների պատճառները։
Նրա խոսքով՝
«Օնեքսը շարունակում է աշխատել Temu-ի հետ․ ծավալները կարող են փոփոխվել, սակայն այն առաքումները, որոնք փոխանցվում են մեզ և պետք է հասցվեն տուն, իրականացվում են պատշաճ կերպով։ Temu-ն ինքն է որոշում՝ իր պատվերը որ գործընկերոջ միջոցով ուղարկի՝ Օնեքս, Հայփոստ կամ այլ ընկերություն»։
Այսպիսով, չնայած պաշտոնական պարզաբանումներին, քաղաքացիները շարունակում են դժգոհել, որ պատվերի պահին միշտ չէ, որ հստակ է՝ որ ընկերությունն է իրականացնելու առաքումը և արդյոք այն կհասնի հասցեով։ Արդյունքում հաճախորդները կանգնում են փաստի առաջ՝ ստիպված լինելով այցելել փոստային բաժանմունքներ և լրացուցիչ ժամանակ ծախսել։
Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ առաքման պայմանների վերաբերյալ առավել թափանցիկ և հստակ հաղորդակցությունը շարունակում է մնալ առանցքային խնդիր՝ հատկապես այն պայմաններում, երբ միջազգային առցանց հարթակներից գնումները Հայաստանում աճում են։
Այս համատեքստում ուշադրության կենտրոնում է նաև Շուշան Ալեքսանյան-ի ղեկավարած կառույցի աշխատանքը․ հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունը պարտավոր է ապահովել կանխատեսելի և որակյալ սպասարկում՝ անկախ առաքման ծավալների աճից»։
«Հրապարակ» թերթը գրում է․
Մեր տեղեկություններով, «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի դեմ ղեկավարությունն արշավ է սկսել` ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը, առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, օպերատիվ վարչության պետ Անդրանիկ Մելոյանը։ ՔԿՀ-ում ստուգումներ են։ Ստուգող հանձնաժողովի ղեկավար, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Լիլիթ Ջհանգիրյանը հայտարարել է, որ անպայման «մի քանի արատավոր թերություններ կգտնի» Արթիկի բանտում։ Հիշեցնենք․ օրերս գրել էինք, որ ՔԿՀ-ի օպերները լսող սարքեր էին տեղադրել նույն ՔԿՀ-ի հսկիչների սենյակում, ինչը բացահայտվել էր, եւ Արտակ Ղազարյանը պահանջել էր մեղավորին պատժել, քանի որ նման գործառույթ օպերատիվ բաժինը չունի։ Սակայն ՔԿԾ վարչակազմն օր առաջ ուզում է ազատվել Ղազարյանից։ Ի դեպ, նա «Սեւան» ՔԿՀ-ի պետի պաշտոնից ազատվել եւ 2025թ․ հոկտեմբերին նշանակվել էր Արթիկի բանտապետ, երբ գողականները բունտ էին արել բանտում` հրդեհել գույքը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ դատախազությունը «Հետք»-ի հրապարակումն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ Առինջի կառուցապատման աղմկահարույց գործով ստուգողական գործողություններ են ընթանում․ «մակուլատուրան ստուգվում է»։
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ դատախազությունը «Հետք»-ի հրապարակումը, որը վերաբերում է Առինջում կառուցված շենքերի և առանձնատների գործին, ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթի ընթացքը լուծելու նպատակով։
Խոսքը վերաբերում է այն աղմկահարույց պատմությանը, որի շրջանակում բացահայտվել էր Առինջում կառուցապատված թաղամասի կոռուպցիոն շղթան։ Ըստ հրապարակման՝ Առինջում «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կառուցած թաղամասում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին մատչելի պայմաններով ձեռք էր բերել բնակելի տուն՝ թաունհաուս։ Ուշագրավն այն է, որ Կոնջորյանը գույքը ձեռք էր բերել շուկայականից և նույնիսկ կառուցապատողի հայտարարած գնից էժան՝ մեկ քառակուսի մետրի համար վճարելով ընդամենը 300 հազար դրամ, այն դեպքում, երբ վաճառքի հայտարարված գինը կազմել էր 420 հազար դրամ։
Հետագայում պարզվել էր նաև, որ նույն կառուցապատողից բնակարան են ձեռք բերել նաև Հայկ Կոնջորյանի մայրը՝ Արմինե Կոնջորյանը, և քույրը՝ Օֆելյա Կոնջորյանը՝ հենց Հայկ Կոնջորյանի թաունհաուսի դիմաց։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու, թե դատախազությունից ստացված գրությունն ի՞նչ ընթացքի մեջ է։ Ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ այս պահին ստուգողական գործողություններ են իրականացվում։
Տեղեկացնենք, որ սա երկրորդ ստուգողական գործողությունն է Կոնջորյանի առանձնատան մասով․ մեկն էլ սկսվել էր «Ժողովուրդ» օրաթերթի դիմումի հիման վրա։ Սակայն ընթացքից դեռ նորություններ չկան։
Այսպիսով, մամուլի հրապարակմամբ բարձրացված հարցերն արդեն մտել են իրավապահ համակարգի քննության դաշտ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կոնջորյանի տան կոռուպցիոն թեմայի վերաբերյալ հարցին ագրեսիվ պատասխան էր տվել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին՝ ասելով, թե «մակուլատուրան տպում, բերում եք Կառավարություն, տարեք իրավապահներին տվեք»։ Տրված են, և իրավապահները մակուլատուրան ուսումնասիրում են։
Արդյոք ստուգողական գործողությունները կվերածվեն քրեական վարույթի, և արդյոք պաշտոնատար անձանց ու նրանց մերձավորների գույքային գործարքներում կոռուպցիոն բաղադրիչ կարձանագրվի, թե ոչ, ցույց կտա առաջիկա ընթացքը։
«Ժողովուրդ»-ը հետևողական է այս թեմայի նկատմամբ»։

Русский