Լաս Վեգասում կայացած UFC 326 մրցաշարից հետո կազմակերպության նախագահ Դանա Ուայթը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանին։ Չնայած Ծառուկյանի յուրօրինակ ժեստին՝ մրցաշարին ձեռնաշղթաներով ներկայանալուն, Ուայթը խոստովանել է, որ դեռևս հիացած չէ մարտիկի վարքագծով։
«Դրա համար շատ պատճառներ կան, և խոսքը միայն այն ամենի մասին չէ, ինչ դուք տեսնում եք հրապարակայնորեն։ Որտեղ ծուխ, այնտեղ՝ կրակ, իսկ Արմանի մոտ վերջերս շատ է «ծխում»»,- նշել է Դանա Ուայթը:
Հիշեցնենք, որ հայ մարտիկը UFC 326 մրցաշարին ներկայացել էր ձեռնաշղթաներով՝ ցուցադրաբար ոտքի կանգնելով դահլիճի իր տեղում։ Ենթադրվում է, որ այս կերպ նա յուրօրինակ ուղերձ էր հղում Դանա Ուայթին և փորձում էր զղջալ իր վերջին արարքների համար, որոնց պատճառով զրկվել էր տիտղոսային մենամարտից։ Խոսքը Դեն Հուկերին գլխով հարվածելու և Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելու մասին է։
Ծառուկյանը UFC-ում իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով պարտության մատնելով Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում հայ մարտիկի ակտիվում գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։
Ինչ վերաբերում է UFC 326 մրցաշարին, ապա դրա գլխավոր իրադարձությունը Չարլզ Օլիվեյրայի և Մաքս Հոլոուեյի միջև BMF տիտղոսի մենամարտն էր։ Հինգ ռաունդ տևած պայքարում մրցավարների միաձայն որոշմամբ (50-45, 50-45, 50-45) հաղթանակ տարավ Օլիվեյրան։
Աղբյուրը՝ Armsport.am:

Русский