Սպիտակ տան դեսպան Սթիվ Վիտկոֆֆը շաբաթավերջին գաղտնի հանդիպել է Իրանի աքսորված նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավիի հետ՝ Իրանում մոլեգնող բողոքի ցույցերը քննարկելու համար, գրել է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։
Սա իրանական ընդդիմության և Թրամփի վարչակազմի միջև առաջին բարձր մակարդակի հանդիպումն է եղել 15 օր առաջ սկսված բողոքի ցույցերից ի վեր։ Փահլավին փորձում է իրեն դիրքավորել որպես «անցումային» առաջնորդ, եթե վարչակազմը տապալվի։
Փահլավին՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակ տապալված շահի որդին, ԱՄՆ-ում աքսորված ընդդիմադիր խմբակցություն է ղեկավարում։
Վերջին երկու շաբաթների ընթացքում Փահլավին հանդես է եկել ամերիկյան հեռուստաալիքներով՝ կոչ անելով Թրամփի վարչակազմին միջամտել բողոքի ցույցերին աջակցելու համար։
Սպիտակ տան ազգային անվտանգության թիմը երեքշաբթի առավոտյան հանդիպում է անցկացրել բողոքի ցույցերին արձագանքելու տարբերակների վերաբերյալ։ Նախագահ Թրամփը չի մասնակցել։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին ասել է, որ վարչակազմի ներսում քննարկումները համեմատաբար վաղ փուլում են։ «Մենք դեռևս որոշում չենք կայացնում ռազմական գործողությունների վերաբերյալ», - ասել է պաշտոնյան՝ միաժամանակ ընդունելով, որ դժվար է կանխատեսել, թե որտեղ կհայտնվի Թրամփը։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին փակ դռների հետևում կայացած հանդիպումների ժամանակ ասել է, որ այս փուլում վարչակազմը դիտարկում է ոչ կինետիկ արձագանքներ՝ ցուցարարներին օգնելու համար, ըստ անմիջականորեն տեղյակ աղբյուրի։
Բողոքի ցույցերը շարունակվել են երեքշաբթի օրը Իրանի տարբեր քաղաքներում։ Զոհերի թիվը կտրուկ աճել են, բայց նաև գնահատականները մեծապես տարբերվում են։ Իսրայելն ԱՄՆ-ի հետ կիսվել է գնահատականով, որի համաձայն՝ առնվազն 5000 ցուցարար է սպանվել, ասել է ԱՄՆ պաշտոնյան։

Русский