Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայաստանը փոխվում է․ Փաշինյանը խոսել է TRIPP-ի, Թուրքիայի սահմանի ու նոր ներդրումների մասին

Blog Image

Հայաստանն ու տարածաշրջանը տրանսֆորմացիայի փուլում են։

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ այս փոփոխությունների առանցքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, իսկ դրա հետևանքները կարող են շատ ավելի լայն լինել՝ տնտեսական նոր հնարավորություններից մինչև տարածաշրջանային հաղորդակցությունների բացում։

Երևանում առաջին անգամ անցկացված Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ՀՀ Կառավարության ղեկավարը խոսել է հենց այդ հնարավորությունների մասին՝ շեշտելով, որ մայիսին ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը պետք է վերածվի ոչ միայն քաղաքական հայտարարության, այլ նաև իրական տնտեսական համագործակցության։
 
«Նման գործընկերություն հաստատելուց հետո կառավարությունների համար առաջնային հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ իսկ ինչպե՞ս այդ քաղաքական կամքը, որն արտահայտվում է ընդունված փաստաթղթով, դարձնել իրականություն։ Եվ այս խնդիրը լուծելու ամենարդյունավետ ճանապարհը քաղաքական այն բովանդակությունը, որ քննարկվում է կառավարությունների միջև, առօրյա կյանքի մասը դարձնել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
 
Համաժողովը մեկ հարթակում հավաքել էր շուրջ 2 հազար մասնակցի՝ կառավարության, Կենտրոնական բանկի, միջազգային ֆինանսական ու զարգացման կառույցների, բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության, առաջատար ընկերությունների, կրթական ու գիտական հաստատությունների ներկայացուցիչների։
 
Քնարկման առանցքում կապիտալի հասանելիությունն էր, ներդրումների ներգրավումը, նոր շուկաներ դուրս գալու հնարավորություններն ու Հայաստանում միջազգային ֆինանսավորման գործնական մեխանիզմները։ Բայց տնտեսական օրակարգի ամենամեծ սպասումներից մեկը, թերևս, տարածաշրջանային հաղորդակցությունների ապագան է։ TRIPP-ը, ըստ Նիկոլ Փաշինյանի, կարող է դառնալ այն առանցքային նախագիծը, որը կփոխի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական միջավայրը։
 
«Մենք հիմա ամենօրյա ռեժիմով աշխատում ենք TRIPP նախագծի իրագործման մեկնարկը գետնի վրա տալու ուղղությամբ, որը միանշանակ և աներկբա ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու: Արդեն իսկ այդպիսին է, որովհետև այսօր իսկ մենք զգում ենք Հայաստանի շուրջ ներդրումային գրավչության որոշակի ակտիվություն, և պարզ է, որ այդ նախագիծն իր հերթին բերելու է նոր նախագծեր, և ներդրումային գրավիտացիան Հայաստանում և մեր տարածաշրջանում ուժեղանալու է»,- նշել է ՀՀ Կառավարության գլուխը։
 
Բայց TRIPP-ի օրակարգը միայն մեկ ճանապարհով չի սահմանափակվում։ Փաշինյանը խոսել է նաև առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանի բացման, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության հնարավոր գործարկման մասին։ TRIPP-ի շրջանակում, նրա խոսքով, նախատեսվում է նաև երկաթուղային կապ Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Դրան զուգահեռ՝ կառավարությունը շարունակում է Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի իրականացումը, նախատեսվում են արևելք-արևմուտք ուղղությամբ նոր ճանապարհային կապեր, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ցանկում արդեն քննարկվում են նաև նավթամուղի, գազամուղի և էլեկտրահաղորդման գծերի հնարավորությունները։
 
Կառավարությունը, նրա խոսքով, պետք է ստեղծի հնարավորություններն ու ապահովի պայմանները, իսկ բիզնեսը՝ արդեն այսօրվանից պլանավորի իր հաջորդ քայլերը։
 
Տնտեսական աճի մասին խոսելիս էլ վարչապետը ներկայացրել է վերջին տարիների ցուցանիշները։ Նրա խոսքով՝ նախորդ հինգ տարիների համար նախատեսված միջին 7% տնտեսական աճի փոխարեն Հայաստանում արձանագրվել է 7,9% աճ։ Իսկ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 2018 թվականի համեմատ աճել է շուրջ 53 տոկոսով։ Առաջիկա հինգ տարիների համար կառավարությունը նպատակ ունի ապահովել միջինում 6 տոկոս տարեկան տնտեսական աճ։
 
Հայաստան-Մեծ Բրիտանիա բիզնես համաժողովի գլխավոր ուղերձը, թերևս, հենց սա էր՝ քաղաքական պայմանավորվածությունները պետք է վերածվեն տնտեսական նախագծերի։ Իսկ թե որքան արագ այդ նախագծերը կանցնեն հայտարարություններից գործնական փուլ, առաջիկա ամիսներն արդեն ցույց կտան։

Send