Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Երկաթուղին դեպի Հայաստանի հետ սահման երկարացնելու աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով․ Վադեֆուլի և Բայրամովի հայտարարությունները

Blog Image

Մենք մեծ հնարավորություններ ենք տեսնում Հարավային Կովկասի երկրների համար. այս մասին հայտարարել է գերմանացի պաշտոնյա Յոհան Վադեֆուլն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Պաշտոնյան նշել է, որ ժամանել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո։ «ԵՄ երկրները նույնպես շահագրգռված են այս տարածաշրջանի հետ ինտենսիվ համագործակցությամբ։ Նոր տրանսպորտային միջանցքները հնարավորություններ են բացում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի համար։ Երկու երկրներն էլ օգտվեցին այդ պատմական հնարավորությունից Վաշինգտոնում։ Ես շատ կցանկանայի տեսնել, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվի և ուժի մեջ մտնի», - հայտարարել է Յոհան Վադեֆուլը։

Վադեֆուլի խոսքով՝ «Միջին միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի համար՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական տեսանկյունից։ «Անկայունության շրջանում մենք ձգտում ենք կնքել ազատ առևտրի մասին համաձայնագրեր։ Այս առումով «Միջին միջանցքը» առանձնահատուկ կարևորություն ունի Եվրոպայի համար։ Այս նախագծի առաջմղումը առաջնահերթություն է։ Ես բանակցություններ կվարեմ նաև Հայաստանում՝ համոզվելու համար, որ այդ երկիրը նույնպես իր ներդրումն է ունենում նախագծի իրականացման գործում», - նշել է դիվանագետը։

Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև բանակցություններ են ընթացել՝ կապված TRIPP նախագծի իրականացման նախապատրաստական ​​աշխատանքների հետ։

Նա նշել է, որ այս նախագծի 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ «Միաժամանակ, այս երկաթուղու մուտքի և ելքի կետերը գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին։ Քանի որ նախագիծը մոտենում է իրականացման փուլին, բնականաբար, առաջացել է դրա տեխնիկական պարամետրերը ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու անհրաժեշտության հարցը։ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ տեխնիկական աշխատանքային խումբ, որն իր աշխատանքը սկսել է նոյեմբերի 6-ին»,- մանրամասնել է նախարարը։

Ըստ ԱԳ նախարարի՝ տեխնիկական աշխատանքային խմբի հիմնական խնդիրը երկու ոլորտների՝ տրանսպորտի (ներառյալ՝ ավտոճանապարհային և երկաթուղային ցանցերը) և էլեկտրական մալուխի նախագծի տեխնիկական պարամետրերի համակարգումն է։ Բացի այդ, խմբի առջև խնդիր է դրված ապահովել համապատասխան ենթակառուցվածքների միացման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։

«Ադրբեջանի Հանրապետությունն իր տարածքում ավարտին է մոտեցնում տրանսպորտային նախագծերը, որոնք ընդգրկում են թե՛ ավտոճանապարհային, թե՛ երկաթուղային ցանցերը։ Երկաթուղին դեպի Հայաստանի հետ սահման երկարացնելու աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով և նախատեսվում է ավարտել հաջորդ տարվա սկզբին»,- հավելել է Ջեյհուն Բայրամովը։

Send