Լրատվամիջոցներում և տելեգրամյան մի շարք ալիքներում ընթերցողին մոլորության մեջ գցող «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում է տարածվում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով, հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում, ինչի վերաբերյալ ՆԳՆ գործընկերները լրատվամիջոցներին համապատասխան մեկնաբանություն են տվել:
ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք պատասխանատվությամբ մոտենալ բանակին վերաբերող հրապարակումներին, խուսափել անբարեխիղճ վերնագրերից, հիմնվել միայն ստուգված ու պաշտոնական աղբյուրների վրա և խուսափել այնպիսի տեղեկատվության տարածումից, որը կարող է խեղաթյուրել իրականությունը կամ ստեղծել մտահոգություններ զինծառայողների ընտանիքներում»,- ասել է Թորոսյանը։
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, ոչ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 13․56-ին, «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ծնված տղամարդու կենսաբանական մահը։ «Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակ՝ անկողնում պառկած վիճակում։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»։

Русский